Զուր են չարախոսում (այն էլ` գերազանցապես ծպտված), թե, իբր, Ալեքսանդր Գրիգորյանը վերստին շրջանառության մեջ է դնում իր կեսդարյա թատերատարեգրության ուշագրավ էջերը` նոր բեմադրությունների համար այլևս հոգնած երկարամյա գերակտիվ մրցավազքում, արդեն ամբողջացրած բեմադրագեղագիտությունը թարմացնելու գրեթե անզոր։ Վկայակոչում են Ռոզովի «Խլահավի բույնը» («Ապրում ենք... լավ»), Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»։ (Երանելի կլիներ, եթե մոտ 200 բեմադրություններից մի քանի տասնյակը կարողանար գեթ այսպես ապրեցնել, ասենք, «Կանանց մենաստանը» կամ «Մակբեթը», «Հերակլեսի 13-րդ սխրանքը» կամ «Իմ խեղճ Մարատը»...)։ Ստեղծագործական մտքի ու երևակայության ծերացման հավաստիքներ են համառորեն որոնում մերօրյա անհայտ անունների բեմավորումներում անգամ։
Մեր միակ պետական ռուսական դրամատիկական թատերաընտանիքի երիտասարդ նահապետը, ինքնահատուկ նրբազգաց բարեկրթությամբ, մասնագիտական բազմավաստակ խղճի մտոք շարունակում է նորավյուն գործունեությունը, որի որակական բարոմետրը ճշգրիտ ցուցանիշներ է արձանագրում առավելապես արտերկրյա փառատոների և հյուրախաղերի ընթացքում, ցավոք։
Բարձր գնահատելով Հայաստանի ժողովրդական արտիստի և ՌԴ արվեստի վաստակավոր գործչի, բազմամրցանակակիր արվեստագետի թատերանվիրումը` սիրահոժար մասնակցում եմ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության երրորդ բեմադրության առաջնախաղին։ Խորահմուտ մանկավարժի իմաստնությամբ` Ալեքսանդր Գրիգորյանը հարահոս թատերախմբի նոր սերնդին (ի դեպ, բեմական շնորհներ դրսևորածների մեծամասնությանը հարկադրված, նախ, ռուսախոսությանը վարժեցնելու) գործնականում հասունացնում է դասական մնայուն երկի անզուգական ամբողջ հարստության յուրացմամբ։ Առօրյայում հաճախ կրկնելով Գրիբոյեդովի չափածո մարդագիտարանի աֆորիստիկ արտահայտություններից շատերը` ոմանք զարմանքով են տեղեկանում սկզբնաղբյուրի ամբարած մյուս բազմաբազում անանցողիկ մտքերի, կենսական ընդհանրացված անհերքելի ճշմարտությունների իրական արժեքավորությանը։ Օգտագործելով ռուս դիվանագետ-գրողի` հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի ծննդյան 215-րդ տարեդարձի փաստը եղած լավագույն ավանդույթների աշխույժ պահպանման նպատակասլացությամբ` Գրիգորյանը, մոսկովյան կառավարության նյութական ու բարոյական (այժմ դրանք անանջատ են դարձել) աջակցությամբ, երիտասարդների հիշողության ծալքերում երախտագիտության առողջ սերմեր է ցանում ներկայացուցչական տոնահանդեսի արարողակարգով։ Մեծարանքի ծաղկեպսակներին ու արժևորող խոսքերին` ծայր առած Բեջանյանի քանդակած արձանի հարթակին, գումարվում է անփոխարինելի գնահատությունը Գրիբոյեդովի անվան ու գործի` թատերակենդանացմամբ անմահության իրավունք նվաճած ստեղծագործության։ Կրկին շուրթից շուրթ է անցնում հպարտություն ներշնչող պատմական փաստը. 1827-ին Երևանի սարդարի պալատի դահլիճում, աստիճանազրկված ռուս սպաների ուժերով, խաղարկվել են առաջին անգամ հատվածներ պիեսից` հեղինակի ներկայությամբ։ Ալեքսանդր Գրիգորյանի հուզախռիվ ողջերթով (ամեն առաջնախաղի պատանեկան քննական զգացողությամբ է համակվում) մեկնարկում է չվարագուրված ատրակցիոնային ասպարեզ-բեմամիջավայրում «Խելքից պատուհասի» երրորդ ծնունդը։ Քաջատեղյակ նախորդ երկուսին` առանձնակի փոփոխություններ ի սկզբանե չեմ նկատում հանրահայտ պիեսի գրիգորյանական թատերավարկածում, որի շուրջ քանիցս զրուցել եմ վարպետ բեմադրիչի հետ, գրավոր հրապարակել սեփական մտորումներս։ Բեմում ձևավորելով մարդկային բնավորությունների գրիբոյեդովյան պատկերասրահը` Գրիգորյանը, յուրահայաց բացահայտմամբ հնամենի տիպերի, դյուրընկալ զուգահեռներ է անցկացնում ոչ միայն դերակատարների ու նրանց կերպավորած հերոսների միջև, այլև դարերով անջրպետված մարդկային տարատեսակների։ Պատահական չէ շատերի նորաոճ հանդերձավորումը։ Կարելի է, իհարկե, բանավիճել բարոյալքման գաղտնաթաքույց շերտերի արտաքին թատերադրսևորումների ծայրահեղ շեշտադրման շուրջ։ Բայց սա բեմադրիչի նորընկալման բանալին է։ «Մանկամտություն է, հատկապես ազատաբարո մեր ժամանակներում, սոփեստաբար կոծկելը բարքերի այլասերման իրական պատկերը,- պատասխանում է իր բարոյախոսությունից փշոտածներին Ալեքսանդր Գրիգորյանը։- Ի՞նչ եք կարծում, Սոֆյա Պավլովան և Մոլչալինը, երկու հրեշտակային աղավնիների նման, ամեն գիշեր գի՞րք էին կարդում մինչև լուսաբաց և սիրազեղ հոգոցնե՞ր հանում պարզապես»։ Լիզանկա-Պետրուշկա զվարթ մնջկատակով թռուցիկ երևակելով իր վերաբերմունքը ծավալվելիք բեմական իրադարձությունների նկատմամբ` խնամքով պահպանված գրիբոյեդովյան չափածո տեքստի իր մեկնաբանություններն է այնուհետև զարգացնում բեմադրիչը։
Կրկին տպավորվելով կոլորիտային, պարզակենցաղ Լիզանկայով (Աննա Բալանդինա) ու գայթակղիչ, սիրակարոտ Սոֆյայով (Տաթևիկ Մելքոնյան), կորամեջք, վավաշոտ Ֆամուսովով (Սերգեյ Մաղալյան) ու պնդաճակատ հայդուկ, ոսկու տոպրակ Սկալոզուբով (Ֆրեդ Դավթյան)` առավել կենտրոնացնում եմ ուշադրությունս դերակատարների փոփոխությամբ նոր կերպավորում ստացած նենգախարդախ, չքմեղ պնակալեզ Մոլչալինի (Յուրի Իգիթխանյան) ու ձեռնասուն շնիկի վերափոխված Պլատոն Միխայլովիչի (Արման Ղազարյան), հասարակության արատները չկոծկելու համար մշտապես նրանից օտարվելու և մերժվելու դատապարտված Չացկու (Երվանդ Ենգիբարյան) ու խեղկատակային դիմակով նրան հոգեհամարժեք զվարթաշունչ Պետրուշկայի (Դավիթ Սեխպեյան) բեմական վարքագծի վրա։ Տարատեսակներն օտարամոլ, նորաոճ ու սնամեջ քաղքենուհիների` Նատալյա Դմիտրիևնայի (Վերոնիկա Սարոյան), սկոմորոխյան ծաղրապատկեր (ի դեպ, Գրիբոյեդովն ինքը խորշում էր ծաղրապատկերումից և կողմնակից էր պոետիկ բնութագրադիմանկարին) կազմող վեց աղջիկների (Թեհմինե Խաչատրյան, Անահիտ Գաբրիելյան, Նարա Թումասյան, Էլիտա Սանակոևա, Լիլյա Մուկուչյան, Ելենա Վարդանյան) փեսացուաորսով մտահոգված կոմսուհի Տուգոուխովսկայայի (Ելենա Եսայան), տատիկ (Իրինա Մարչենկո) ու թոռնուհի (Լուսինե Ղազարյան) Խրյումինաների,- իր ինքնավստահ մուտքից սկսած միավորում ու գլխավորում է ամենքից ու ամեն ինչից իրազեկ, տարաբնույթ խնամակալներով ու թղթախաղով անընտանիք գոյությունն իմաստավորող Խլյոստովան (Իրինա Հարությունյան)։ Բանսարկությունների մթամած ծովում լողալու վարժված Զագորեցկու (Ռոբերտ Հակոբյան) և Ռեպետիլովի (Արթուր Պետրոսյան), գաղտնի գործակալների (Դավիթ Խաչատրյան, Յուրի Սոշնիկով) տիպերով ավարտական վրձնահարվածներ է ստանում համապատկերը բնավորությունների գրիբոյեդովյան պատկերասրահի։
Ընդհանուր հայացք ես ձգում պատմության խորշերից վեր հանված այդ մարդագիտարանին և հիանում Գրիբոյեդովի հանճարեղ գրչի բացառիկ տիպականությամբ։ Ժամանակի հանդերձներից ներթափանցելով` ճանաչում ես ապրածդ օրերի մարդկանց նախատիպերին։ Բոլորին, բացի մեկից` չկա Չացկի քո կողքին։ Արատախեղդ հասարակությունն անվրեպ ու համարձակ մերկացնող, այն վերափոխելու գիտակցություն արմատավորող աննկուն առաջամարտիկ։ Չորացե՞լ է դարակազմիկ հեղափոխության արգանդը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ